ՀՆԱՄՅԱ ԴՊՐՈՑԸ` ՆՈՐ ՕՐԵՐԻ ՇՆՉՈՎ

Սյունյաց աշխարհի գեղատեսիլ ձորում`Լորաձորի կենտրոնում ծվարած գյուղը` Լորը,հարուստ պատմական անցյալ ունի:Գյուղի մասին առաջին հիշատակությունը նշված է պատմիչ Ստ. Օրբելյանի գրքում,որը վերաբերում է 9-րդ դարին:Ըստ արխիվային տվյալների,Լոր գյուղում ուսուցումն սկսվել է 1895 թվականից մասնավոր սենյակներում:Գյուղի երեխաների հետ պարապել են գյուղի գրագետ մարդիկ:Դպրոցը նախաձեռնվել է Բաքու քաղաքում բնակվող լորեցիների միջոցով,որոնք ունեցել են հայրենակցական միություն:Այդ միության առաջարկով 1908 թվականներին սկսվել և 1911-ին շահագործման է հանձնվել Լորի դպրոցը:Այստեղ սովորելու էին գալիս Սիսիանի շատ գյուղերից,իսկ ուսուցչություն էին անում ժամանակի կրթված ու ազատամիտ երիտասարդները:
1908-1909 ուստարում այստեղ ուսուցիչներ էին բանաստեղծ Գառնիկ Քալաշյանը,ճեմարանավարտ Հովհաննես Ավչյանը,իսկ 1915-1916-ին Լոր ուսուցիչ եկած Ակսել Բակունցի մեկ տարվա ներկայությունը ոսկեզօծված տառերով մնաց գյուղի և դպրոցի պատմության էջերում:
Լորաձորի երգիչ Համո Սահյանի`Լորի յոթնամյա դպրոցի սանի հետագա ստեղծագործություններում սրբագործվեց զանգեզուրյան բնաշխարհի չքնաղ բնությունը:
Դպրոցի նորագույն պատմությունը շարունակում է անցյալի լավագույն ավանդույթները:Կարևորելով մատաղ սերնդի ուսուցումն ու դաստիարակությունը,Լորի մանկավարժական կոլեկտիվի և համայնքի ջանքերով Լորի հիմնական դպրոցը դարձավ միջնակարգ` թեթևացնելով ծնողների և աշակերտների հոգսը:Հարևան Շենաթաղ գյուղի հիմնական դպրոցն ավարտող շրջանավարտները նախընտրում են սովորել Լորի միջնակարգ դպրոցում:
2006-2009 թթ. դպրոցը պետպատվերի շրջանակներում վերանորոգվել է և դարձել բարետես,համալրված ժամանակակից կրթությանը հատուկ տեխնոլոգիական միջոցներով,կահավորված դասարաններով:
2016-2017 ուսումնական տարում դպրոցն ունի 47 աշակերտ:Շրջանավարտներից շատերը իրենց կրթությունը շարունակում են բարձրագույն ուսումնական հաստատություններում:
Դպրոցի տնօրեն Լիաննա Գրիգորյանը և մանկավարժական կոլեկտիվը ջանք չեն խնայում երեխաների կրթության գործը էլ ավելի բարելավելու համար: